XIII դարի Տիգրան Հոնենց եկեղեցին պատկանել է հայ քաղկեդոնացիներին կամ ուղղափառ հայերին։ Հենց այդ ժամանակ եկեղեցում հայտնվել են որմնանկարներ, որոնք մինչ օրս բացառիկ են համարվում։
Տիգրան Հոնենց եկեղեցին, որը գտնվում է հայկական հնագույն մայրաքաղաք Անիում, իրականում կառուցվել է սուրբ Գրիգոր Լուսավորչի պատվին։
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ Զարուհի Հակոբյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ եկեղեցու պատերից մեկի վրա պահպանվել է Տիգրան Հոնենցի՝ եկեղեցու պատվիրատուի անունով գրությունը։ Այդ պատճառով էլ եկեղեցին կոչում են նրա անունով։
1215թ-ին կառուցված եկեղեցին առանձնանում է իր որմնանկարներով, որոնք պահպանվել են մինչ օրս։ Եկեղեցու պատերին պատկերված է ոչ միայն Գրիգոր Լուսավորիչը, այլ նաև նրա երկու որդիները՝ Արիստակեսը և Վրթանեսը, ինչպես նաև եպիսկոպոս Լեոնտիոս Կեսարիացին, որից էլ Գրիգոր Լուսավորիչն ընդունել է եպիսկոպոսի աստիճանը։ Սուրբ Գրիգորի որդիների և Լեոնտիոս Կեսարիացու պատկերները չկան հայկական կամ վրացական եկեղեցիներից որևէ մեկում։