Հայաստանում ԵՄ գրասենյակը և ԱՄՆ դեսպանատունը ցավակցական ուղերձ են հղել Սումգայիթյան ջարդերի 35-ամյակի կապակցությամբ։
Անցյալի արարքների ընդունումը կարևոր քայլ է հաշտության և խաղաղության ճանապարհին: Սումգայիթյան ջարդերի 35-ամյակի կապակցությամբ ցավակցական ուղերձում հայտնել է Հայաստանում ԵՄ գրասենյակը, տեղեկանում ենք գրասենյակի ֆեյսբուքյան էջից։
«Խորը վշտակցություն ենք հայտնում բոլորին, ովքեր Սումգայիթում 35 տարի առաջ կորցրել են հարազատ և բարեկամ»,–ասված է ուղերձում։
Միաժամանակ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր հերթին ուղերձ է հղել` ասելով, որ միանում են հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին։
Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ: