Արցախի մասին խոսելը քաղաքականությանը միջամտել չէ. Բագրատ սրբազան

  • 14/06/2023

alphanews.am

«Խորքային իմաստով իր ամբողջ բովանդակությամբ Սուրբ Գիրքը քաղաքականության մասին է: Եվ մեր տիրոջ այն պատգամը «Թող գա քո արքայությունը…»՝ սա մեր ամենամեծ քաղաքական հայտարարությունն է, այսինքն՝ իրավիճակի փոփոխության, արժեքների փոփոխության, նոր արժեքների սահմանման, նոր աշխարհի սահմանման մասին է»,- այսպես է արձագանքել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Alpha Newsroom-ի հարցին, թե արդյոք առաքելական Եկեղեցին քաղաքական հայտարարություններ է անում՝ Արցախի հիմնահարցի վերաբերյալ:

«Սա մեր կենսագրությունն է, մեր գոյության իրավունքն է, մեր պատմությունն է, մեր լինելիությունն է, դասական իմաստով սա քաղաքականության հետ ոչ մի առնչություն չունի: Մենք քաղաքականությանը չենք միջամտում, դրա մասին չենք խոսում, այլ կոնկրետ օրակարգով ասում ենք՝ սա է մեր մտահոգությունը, Արցախն այս պահին գտնվում է աղետի մեջ և դրա հետևանքով նաև ամբողջ հայ ժողովուրդն է գտնվում աղետի մեջ, հետևաբար այս աղետի լուծման մասին ենք մենք բարձրաձայնում», — ընդգծել է Բագրատ սրբազանը:

Տավուշի թեմի առաջնորդն ասել է, որ պատերազմում հարյուրավոր ընկերներ է հուղարկավորել, որոնք իրենց կյանքը տվել են նաև իր համար: Բագրատ սրբազանը հարցադրում է արել՝ արդյոք քաղաքական զոհեր են նրանք՝ ոչ: Եթե պատերազմը համարենք բիրտ քաղաքականության տեսակ՝ այդ իմաստով գուցե, բայց նրանք հայրենիքի, պետականության, արժանապատվության, զորանալու, հզորանալու համար են իրենց կյանքը տվել:

Ամբողջական տեքստ