Արցախում այսօր ոչ թե հումանիտար, հոգեբանական, այլ` մահաբեր աղետ է, որը ժամ առ ժամ փորձում է խեղդել Արցախ աշխարհը. Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

  • 23/06/2023

iravunk.com

Արդեն 193-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը շրջափակված է Ադրբեջանի կողմից, իսկ հունիսի 15-ից սկսած՝ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի Արցախի Հանրապետությունից բուժառուներին Կարմիր Խաչը տեղափոխի Երևան՝ բուժվելու նպատակով, խոչընդոտում է նաև ռուս խաղաղապահներին՝ շրջափակման մեջ գտնվող գյուղերին հումանիտար օգնություն հասցնելու համար։

Այս ամենով հանդերձ, սակայն, Արցախում կյանք կա, արև կա՝ չնայած անձրևոտ եղանակին, ամենօրյա պայքար կա, որ կարծրացնում է մեր հայրենակիցների ամուր պայքարի ոգին: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով տոտալ շրջափակման հետեւանքներին, ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ընդգծելով.

-Յուրաքանչյուր աղետ վտանգավոր է, բայց առավել վտանգավոր եւ մտահոգիչ է, երբ մենք գիտենք աղետի ակունքը, այն բերողին եւ անգամ այս իրավիճակում չենք մտածում ազգովի համարժեք պատասխան տալ այդ աղետին: Տեսեք, մենք շատ լավ գիտենք բնական աղետների դեմ պայքարի ձեւը, բայց այսօր քաջ գիտակցելով աղետի ակունքը մենք կամ չենք պայքարում կամ շատ քիչ ենք պայքարում: Արցախում այսօր ոչ թե հումանիտար, հոգեբանական, այլ` մահաբեր աղետ է, որը ժամ առ ժամ փորձում է խեղդել Արցախ աշխարհը: Այս աղետի դեմ պայքարի միակ զենքը, միակ ուժը պայքարն է չորս կողմից Արցախը պաշարած թշնամու դեմ: Միայն համատեղ ներուժն ու հավատն է հնարավոր դարձնելու առկախված աղետի չափերի նվազեցմանը:

-Սրբազան, այդ համախմբան ներուժը տեսնո՞ւմ եք այսօր:

-Այ՛ո, ներքին ներուժը ես տեսնում եմ ժողովրդի մեջ, մնում է փոքր-ինչ ժայթքում, իսկ այդ ժայթքելու գործընթացը կախված է մի քանի անձերից, ովքեր պետք է այդ քաջությունը ունենան եւ վերցնեն ղեկը իրենց ձեռքը:

Ամբողջական տեքստ