Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն Հովնան Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Ջո Բայդենի այցը Երուսաղեմի հայկական եկեղեցի։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցում անցկացրել է 30-40 րոպե։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում հայտնեց Երուսաղեմի Սուրբ աթոռի դիվանապետ Կորյուն Հովնան Բաղդասարյանը՝ մանրամասներ ներկայացնելով այցից։
«Այցի մասին մենք տեղյակ էինք մոտ 10 օր առաջ։ Ամերիկյան դեսպանատան աշխատակիցները մեզ տեղեկացրել էին Ջո Բայդենի՝ Միջին Արևելք կատարելիք իր այցի ընթացքում հոգևոր պետերի հետ հանդիպում ունենալու ցանկության մասին»,- ասաց Բաղդասարյանը։
Մինչ Բայդենի այցը հայկական եկեղեցում արարողակարգային հարցերն են լուծել, որպեսզի ոչ մի խնդիր չլինի։ Քանի որ Ծննդյան տաճարի սեփականատիրությունը կիսում են հայ եկեղեցին, հույն ուղղափառ եկեղեցին և կաթոլիկ եկեղեցին, ապա այնտեղ ամեն ինչ պետք է համաձայնեցվեր երեք համայնքների հետ, ու քանի որ Բեթղեհեմը պաղեստինյան տարածքում է, պետք է այդ ամենը նաև համակարգվեր նրանց հետ։