Բաքվի նպատակն է մշակութային ցեղասպանություն իրականացնել. Խրիզանթոպուլոս

  • 06/02/2022

armeniasputnik.am

Արցախում հայկական մշակութային ժառանգության դեմ սպառնալիքների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում Հունաստանի առաջին դեսպանը։

Բաքվի կողմից վերջին պատերազմի արդյունքում Արցախից գրավված տարածքներում գտնվող հայկական տաճարներում՝ հայկական ներկայության ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը հանդիսանում է մշակութային ֆաշիզմ: Նման տեսակետ է հայտնել Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան, Սևծովյան տնտեսական համագործակցության նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը, տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Քրիստոնեական տաճարների՝ Կովկասի ալբանացիներին պատկանելու պատրվակով այդ խումբը պետք է որոշի, որ տաճարներից պետք է վերացվի հայկական ներկայությունը: Կովկասի Ալբանական եկեղեցին եղել է ինքնավար եկեղեցի: Այն ստեղծվել է կարճ ժամանակով հինգերորդ դարում և 705 թ.-ին ենթարկվել հայկական առաքելական եկեղեցուն»,–ասել է Խրիզանթոպուլոսը։
Նա հավելել է, որ ալբանական այբուբենը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից՝ 405 թվականին հայկական այբուբենը ստեղծելուց որոշ ժամանակ անց։ Հետևաբար, ըստ Խրիզանթոպուլոսի, անհնարին է, որ հայկական եկեղեցին իր օգտին համար օգտագործեր ալբանական տաճարները:

Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան վստահ է` Բաքվի նպատակն է իրականացնել մշակութային ցեղասպանություն, և դրա համար նա պետք է դատապարտվի։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր, թե «Ալբանիայի (Աղվանք) պատմության ու ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ» է ստեղծվել, իբր, ալբանական կրոնական տաճարներից «հայերի գրած կեղծ հետքերը» հեռացնելու համար։
Ի դեպ, արցախյան 44-օրյա պատերազմից հետո, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային տարբեր կառույցների հորդորներին, պաշտոնական Բաքուն շարունակում է արգելափակել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը գրավյալ տարածքներ։