Մայր Աթոռի տարածած երկու հաղորդագրությունների համաձայն, անցյալ շաբաթ տեղի է ունեցել Գերագույն hոգեւոր խորհրդի ժողովը։ Դատելով եկեղեցական-պաշտոնական լրահոսից` ժողովն ունեցել է բավական հագեցած օրակարգ։ ԳՀԽ կազմը թարմացվել է. nախ ներկայացվել են ԳՀԽ նոր անդամները՝ Շիրակի, Դամասկոսի, Արցախի, Գուգարաց, ԱՄՆ Հայոց արեւելյան թեմերի առաջնորդները, ինչպես նաեւ՝ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմից՝ Հայկ Իգնաթյանը։ Կարող ենք արձանագրել, որ ԳՀԽ կազմը թարմացվել է, եւ այժմ այն ունի հետեւյալ տեսքը․
Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոս
Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան
Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյան
Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան
Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ
Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան
ԱՄՆ Հայոց արեւմտյան թեմի առաջնորդ
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ
Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան՝ Վայոց Ձորի թեմ
Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան՝ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան՝ Շիրակի թեմի առաջնորդ
Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան՝ Տավուշի թեմի առաջնորդ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ
Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան՝ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան՝ Արցախի թեմի առաջնորդ
Մուշեղ եպիսկոպոս Բաբայան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
Հովնան եպիսկոպոս Հակոբյան՝ Գուգարաց թեմի առաջնորդ
Մեսրոպ վարդապետ Պարսամյան՝ ԱՄՆ Հայոց արեւելյան թեմի առաջնորդ
Թագվոր Բոյաջյան՝ Դամասկոսի հայոց թեմ
Գեւորգ Դանիելյան՝ Հայաստան
Վահան Տեր-Ղեւոնդյան՝ Հայաստան
Շահեն Կարամանուկյան՝ Հայաստան
Հայկ Իգնաթյան՝ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմ
Այս կազմից երեւում է, որ Գերագույն հոգեւոր խորհուրդը դարձել է չափազանց հայաստանակենտրոն։ Ըստ էության՝ պայմանական ասած՝ Արեւմուտքը, որպես այդպիսին, չափազանց թույլ է ներկայացված։ Ֆրանսիան, որ ամենից հոծ հայ համայնք ունեցող երկիրն է, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպաների հայ համայնքները, ըստ էության, ներկայացված չեն ԳՀԽ-ում։ Լատինական Ամերիկան, որը եւս հայկական սփյուռքի ավանդական ամենաազդեցիկ ռեգիոններից է՝ Բրազիլիայով, Արգենտինայով, Ուրուգվայով եւ այլն, առհասարակ ԳՀԽ-ում ներկայացված չէ։ Ավստրալիան եւ, ինչպես եկեղեցական տերմինաբանությամբ է ընդունված ասել, «Ծայրագույն Արեւելքը» եւս ԳՀԽ-ում չկան։ Ու արդյունքում կարելի է ֆիքսել՝ արդյո՞ք ԳՀԽ ներկայիս կազմը կարող է արտացոլել համահայկականություն-համազգայնություն։ Իհարկե՝ ոչ, որովհետեւ հայկական աշխարհի կարեւոր մի շարք շրջաններ պարզապես ներկայացված չեն Գերագույն խորհրդում։ Չենք խոսում այն մասին, թե ԳՀԽ անդամներին երբ եւ ինչպես Ազգային-եկեղեցական ժողովը հասցրեց ընտրել, որ մարդ չիմացավ, քանի որ, առաքելական եկեղեցու օրենքներով, հենց Ազգային-եկեղեցական ժողովն է ընտրում ԳՀԽ անդամներին, ու ԳՀԽ անդամի նշանակումը, մեղմ ասած, եկեղեցու ղեկավարի կողմից հենց եկեղեցու օրենքների խախտում է նշանակում։