Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ իշխանությունն ամեն ինչ իրար է խառնել և հիմա էլ եկեղեցու մասին է ինչ–ինչ բաներ ասում։
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ իշխանությունը երկրում ամեն ինչ խառնել է իրար և հիմա էլ եկեղեցուն հանգիստ չեն տալիս։ Քոչարյանը նման կարծիք հայտնեց քարոզարշավի շրջանակներում Ստեփանավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին պարբերաբար խոսում է եկեղեցու և հոգևորականների մասին։ Մասնավորապես, այսօր Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում քարոզարշավի ժամանակ Փաշինյանն ասել էր, որ վերջին տարիներին և վերջին օրերին հոգևոր էլիտայի ներկայացուցիչներն ամեն ինչ արել են Հայաստանի կառավարությանը սեփական կամքը պարտադրելու, հեղափոխությունը ձախողելու համար։
«Այս երկրում օրական մի բան են փոխում ու ասում։ Սաղ խառնեցին իրար, ժողովրդին իրար վրա հանեցին, և հիմա էլ եկեղեցուն հանգիստ չեն տալիս։ Լավ, գոնե եկեղեցուն հանգիստ թողեք»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` իրենք գալիս են փոխելու ստեղծված իրավիճակը։
Հիշեցնենք, որ Դիլիջանում քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ էլիտաները՝ հոգևորից մինչև քաղաքական, պետք է խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ։
«Դուք տեր չեք, դուք այլևս ծառա եք, դուք այլևս Հայաստանում չեք լինելու տեր»,–ասել էր Փաշինյանը։
Ի պատասխան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն էլ արձագանքել էր, թե հոգևորականությունը ժողովրդին տեր է եղել և տեր էլ մնալու է մշտապես:
Նրանից բացի թեմային արձագանքել էին նաև այլ հոգևորականներ` քննադատելով Փաշինյանի հայտարարությունը։
Նշենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։