Գնահատում ենք մեր զավակների սերն ու նվիրումը եկեղեցու հանդեպ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Սուրբ Գայանե եկեղեցում պատարագ մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ իր օրհնությունը տալով հավաքվածներին։
«Անշուշտ ժողովրդի շատ զավակներ այսօր եկել են այստեղ իրենց զորակցություն արտահայտելու մեր Սուրբ եկեղեցուն՝ համացանցում եկեղեցու հասցեին հնչած բռնի կոչերին, սպառնալի կոչերին ի պատասխան։ Մենք գնահատում ենք մեր զավակների նախանձախնդրությունը, հավատարմությունը, սերն ու նվիրումը Առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ»,- նշեց Գարեգին Բ կաթողիկոսը։
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե եկեղեցին փորձում է միջամտել քաղաքական գործընթացներին, Ամենայն Հայոց Կաթողիկոսն արձագանքեց. «Եկեղեցին առաջնորդվում է մեր ազգի, մեր հայրենիքի շահերով եւ համազգային հնչեղություն ունեցող հարցերի առնչությամբ նաեւ արտահայտում է իր վերաբերմունքն ու տեսակետը եւ որեւիցե կերպ սա այլ մեկնաբանություն չպետք է ունենա։ Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, առավել եւս եկեղեցին»։