այ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պատգամը Աստվածամոր վերափոխման տոնի առթիվ․
«Խոնարհությունը մայրն է բոլոր առաքինությունների, իսկ խոնարհության անդրանիկ որդին է Աստծո երկյուղը:
Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ,
Ամենառաջին իրողությունը, որ գալիս է մեր մտքին Աստվածամոր մասին մտածելուց, դա Խոնարհությունն է:
Այսօր վերստին համախմբվել ենք միասնաբար տոնելու մեր Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Աստվածամոր Վերափոխման գեղեցիկ տոնը: Ո՞վ է Աստվածամայրը, ո՞վ է այդ խորհրդավոր Կինը, որ հազարամյակներ շարունակ ակնածանք է ներշնչում իր հանդեպ, որ մխիթարում է տառապյալներին ու սրտով բեկյալներին: Իր կատարյալ խոնարհության և Աստծո կամքին ամբողջական հնազանդության շնորհիվ դեռատի այդ աղջնակը արժանացավ Աստծո Միածին Որդու երկրավոր ծնողը լինելու անպատմելի շնորհին: Աստվածամոր կերպարը կենդանի ու ապրված ավետարան է յուրաքանչյուր քրիստոնյայի համար, որովհետև նա էլ իր Որդու նման իր գիտակցական կյանքի ճանապարհը սկսեց Աստծու կամքին հնազանդվելով, սեր և հոգատարություն սփռեց իր շուրջը և Իր Որդու չարչարանքներին ամբողջական կերպով ապրումակցելով՝ արժանացավ երկնային անթառամ պսակի: