Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի հնչեցրած հայտարարություններն իր մտքերը չեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի հայտարարությանը, որով նա խորհուրդ էր տալիս արքեպիսկոպոս Աջապահյանին հաճախ մոմ վառել, ներում հայցել Աստծուց եւ հնչեցնել հոգեւոր խոսքեր։
«Երեխա է, գրել, տվել են ձեռքը, կարդացել է։ Գիտեմ՝ ով է հեղինակը, ինքն էլ գիտի, որ ես գիտեմ, բայց անունը չեմ հնչեցնի։ Նույն կրկնվող մտքերն են՝ թույլ լեզվամտածողությամբ եւ բառապաշարով։ Ես Էմմա Պալյանին խորհուրդ կտամ՝ եթե ազատ խոսելն իր համար դժվար է, գոնե լավ կարդալ սովորի։ Իրենք մեզ թող Աստվածաշնչին չծանոթացնեն, Աստվածաշունչ կարդացող ամեն մեկը դրա մասնագետը չի դառնում։ Ես ներում եմ, որովհետեւ երեխա է, ուզում է կայանալ։ Թող կայանա, մենք արգելք չենք, Աստված իր հետ»,- ասաց Աջապահյանը։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կարծիքով՝ Արցախը, Սփյուռքը եւ եկեղեցին խանգարում են իշխանությանը ստեղծելու իրենց երազած ապազգային եւ առանց հայկակականության Հայաստանը։