Զվարթնոցում վերջին հրաժեշտը կտան Քյարամ Սլոյան անվան եզդիական երկրորդ ջոկատի հրամանատարին

  • 14/11/2023
  • Հրանտ Սարաֆյան

iravunk.com

Զվարթնոց համայնքում` իր հայրական տանը, վաղը վերջին հրաժեշտը կտան Քյարամ Սլոյանի անվան եզդիական երկրորդ ջոկատի հրամանատար, Արցախի «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի ասպետ, 44-օրյա պատերազմի մասնակից ՏԻՏԱԼ ՍԼՈՅԱՆԻՆ: Նա մահացավ 62 տարեկանում` ծանր հիվանդությունից:

«Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, եզդի իրավապաշտպան ԱՅՍԵՐ ԻՍԱՅԱՆԻ գնահատմամբ` հրամանատարի մահը մեծ եւ անդառնալի կորուստ է ոչ միայն եզդիական համայնքի, այլ առհասարակ Հայաստան աշխարհի համար:

«Տիտալ Սլոյանը իրական քաջորդի էր` հայասեր, հայրենասեր: Նա հայ-եզդիական բարեկամության հզոր հենարաններից մեկն էր: Թեպետ վերջին վեց ամիսների ընթացքում ուներ լուրջ առողջական խնդիր, բայց անտեսելով առողջությունը` մշտապես պատրաստ էր ցանկացած ժամանակ գնալ դիրքային ծառայության: Նա շատ ծանր տարավ Արցախի կորուստը` այն հողի, որը պաշտպանել է` եզդիական ջոկատի հետ միասին: Տիտալ Սլոյանը արցախահայության ճակատագրով տառապող մարդ էր»,- «Իրավունքի» հետ զրույցում պատմեց Ա. Իսայանը:

Եզդի իրավապաշտպանը հիշեց, որ 90-ական թվականներին Տիտալ Սլոյանը դիմել էր գեներալ Մանվել Գրիգորյանին եւ պատրաստակամություն հայտնել կամավորության սկզբունքով իր բեռնատարով զենք-զինամթերք հասցնել առաջնագիծ:

«Նա բավականին լուրջ ծառայություն է մատուցել նույնիսկ 90-ականների պատերազմի ժամանակ: Տիտալ Սլոյանի ամբողջ գաղափարախոսությունը հզոր Հայաստանի հանրապետության տեսլականն էր, որովհետեւ հզոր Հայաստանի ներսում տեսնում էր հզոր եզդիական համայնք: Նա գիտակցում էր, որ եթե Հայաստանը լինի հզոր, այստեղ պաշտպանված կլինի նաեւ եզդիական մշակույթը, ազգային ու պատմական արժեքները, կրոնը: Դրա համար էլ ողջ կյանքում իր ունեցած բոլոր հնարավորությունները նվիրաբերել է Հայաստան աշխարհի պաշտպանությանը»,- ընդգծեց Ա. Իսայանը:

Ամբողջական տեքստ