«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ կրքերը չեն մարում։ Նախնական տարբերակով նախատեսվում էր առարկան կրթական ծրագրերից հանել 2023 թվականից, սակայն Հայ առաքելական եկեղեցու և ԿԳՄՍ-ի միջև որոշակի պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ թեմայի հետ կապված քննարկումներ կազմակերպել, որպեսզի հնարավոր լինի վերջնական լուծումներ գտնել։ Ավելին, եկեղեցու և նախարարության կողմից ստեղծվել էր նաև հանձնաժողով, որը պետք է քննարկեր առարկայի հետագա ուսուցման մեթոդիկան և բովանդակությունը։
Մասնավորաբար, նախնական համաձայնություն կար դասագրքերում և ուսումնական պլանում որոշակի փոփոխություն կատարելուց հետո ուսուցման գործընթացը շարունակել։ Օրերս ԿԳՄՍ նախարարին վեհարանում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսը:
Հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, «Ամենայն հայոց հայրապետը բարձրաձայնեց Եկեղեցու մտահոգությունները հանրակրթության պետական չափորոշչի, հատկապես «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ՝ հաստատելով, որ պետություն-Եկեղեցի երկարատև աշխատանքի արդյունքում ներդրված այս առարկայի նպատակն է մատաղ սերնդին ապահովել հայեցի դաստիարակություն, ձևավորել ազգային ինքնության գիտակցություն, կերտել արժեհամակարգ, որոնք գիտելիքի հետ մեկտեղ կարող են ամուր հիմը կազմել մեր ժողովրդի առաջընթաց, ապահով ու բարօր կյանքի»։