ԿԳՄՍ նախարարը նշում է, թե որևէ դեպքում ոչինչ անձով չի պայմանավորված, և ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում։
Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու գաղափարի շուրջ մտահոգություն ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումայանը չունի, նրան կմտահոգի այն հարցը, եթե առանց նախագծի շինարարական աշխատանքներ ընթանան։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Դումանյանը` անդրադառնալով արձանի տեղադրման շուրջ ծավալվող քննադատություններին։
Նշենք, որ մասնագետները, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտն ահազանգել էին` Հատիս լեռան գագաթին հնագիտական հուշարձան կա, որի տարածքում շինաշխատանքները պետք է արգելվեն։
Լրագրողները հետաքրքրվեցին նախարարից` ի վերջո, այս ամենը հաշվի առնելով, արձանը կտեղադրվի՞ հենց Հատիսի բարձունքում, թե՞ ոչ։
«Հարցն ուղղեք գաղափարի տիրոջը… Հարցն ուղղեք արձանը տեղադրող կազմակերպությանը, ինչո՞ւ եք ԿԳՄՍՆ-ին հարցնում։ Մեզ դեռ նախագիծ չի ներկայացվել, և այդ հարցը կքննարկենք, երբ այն կներկայացվի։ Ամեն դեպքում, լուրերը, թե արդեն իսկ շինարարություն է ընթանում, պարզվեց, որ ճիշտ չեն, քանի որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական ընկերությունը հայտարարեց` շինաշխատանքներ չեն ընթանում»,- ասաց Դումանյանը։
Նա համեմատության համար նշեց` ժամանակին, երբ Փարիզում Էյֆելյան աշտարակը պետք է կառուցվեր, մեծամասնությունը դեմ էր դրան։
Նախարարի խոսքով` որևէ դեպքում ոչինչ անձով չի պայմանավորված, և ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակում։
Ինչ վերաբերում է եկեղեցու դիրքորոշմանը, որն ավելի վաղ հայտարարել էր` արձանաշինությունը հարիր չէ Հայ առաքելական եկեղեցուն, Դումանյանը նշեց, թե այն շատ հստակ և շատ խիստ ու որոշիչ չէ։