Ինչու են ապամոնտաժել հայկական գյուղի խաչը

  • 07/02/2023
  • Հայկա Ալոյան

hraparak.am

Ախալցխայի Օրալ գյուղում ապամոնտաժել են գյուղացիների տեղադրած խաչը։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց «Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, քաղաքագետ Էդուարդ Այվազյանը։ Նա նշեց, որ այդ մասին տեղեկությունները տարածվել են մի քանի օր առաջ՝ ընդ որում այդ լուրը տարածել են նաև տեղի վրացական լրատվամիջոցները։

«Մարդիկ իրենց նախաձեռնությամբ, գյուղի բարձունքներից մեկում խաչ են տեղադրել՝ հավանաբար երկաթի խաչ։ Նման սովորույթը տարածված է Վրաստանում, գրեթե բոլոր գյուղերում՝ ցանկացած բարձունքում մարդիկ խաչ են տեղադրում և դա որևէ խնդիր չի առաջացրել։ Հիմա Ախալցխայի շրջանի Օրալ գյուղում խաչի տեղադրումը, չգիտես ինչու, խնդիր առաջացրեց և այդ խաչը հանել են։ Որքանով տեղյակ եմ, հայ գյուղապետերի, տեղական պատգամավորների՝ գյուղի, հրահանգով, տվյալ խաչը հանվել է և պատճառաբանությունը հետևյալն է, որ քաղաքապետարանից թույլտվություն չի եղել։ Սակայն, խոսակցություն է շրջանառվում, որ դրա հետևում կանգնած է տեղի Ազգային Անվտանգությունը»,-ասաց Այվազյանը։

Նա նշեց, որ հիմա Օրալ գյուղի բնակիչները սպասում են քաղաքապետարանից թույլտվության, որպեսզի նորից խաչը հետ դնեն իր տեղում։ Այս պահին խաչը դրվել է եկեղեցու բակում։ Էդուարդ Այվազյանը նշեց, որ իր կարծիքով անհատների կամքն է եղել, որ այդ խաչը հանվի ու սխալ է կարծել, որ դրա համար հատուկ թույլտվություն է պետք։

Ամբողջական տեքստ