Ժողովրդավար երկիրը պետք է ունենա սիրված Հայրապետ, ինչը հասարակական պահանջ է: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագիտական գիտությունների թեկնածու, Տնտեսագիտական համալսարանի դասախոս Արտակ Ալավերդյանը՝ անդրադառնալով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման անդամների պահանջին, այն է՝ Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը և կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացումը։
«Ինձ համար ամեն բան հայտնի դարձավ, երբ օրեր առաջ հանդիպեցինք Կաթողիկոսի հետ: Ես հակացա, որ Վեհափառի դեմ պայքարը անհրաժեշտ է, քանի որ կան մի շարք պատճառներ: Ես տեսա՝ այնտեղ ձևավորվել է ավտորիտար ռեժիմ, կլան և կռապաշտ համակարգ՝ անձի շուրջ: Խոսակցություններին, թե նա կուսակրոնության ուխտի դրժում է արել, երեխա ունի, թե բիզնեսներ ունի, այս ամենի մասին մշտապես խոսվել է, սակայն ինձ համար ամենակարևորն է՝ ժողովրդավար երկիրը չպետք է ունենան հոգևոր առաջնորդ, ում ժողովուրդը պարզապես չի սիրում: Նրա օժանդակությունը, Հայրապետի շունչը ոչ ոք երբևէ չի զգացել քաղաքական պրոցեսների ժամանակ, երբ ժողովուրդն ընբոստացել է: 20 տարվա մեջ ինքն ընդամենը մեկ անգամ է որպես Հայրապետ գնացել ուխտի Գյումրիում: 75 հոգու կարգալույծ է արել, որը պատմության մեջ աննախադեպ երևույթ է: Իր հետ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի գրեթե 90 %-ի ժամանակ Վեհափառը լռեց: Մենք արձանագրեցինք, որ Կաթողիկոսը իրականությունից կտրված է: Ես իրեն ասացի՝ ինչպես Սերժ Սարգսյանը խիզախություն ունեցավ և հրաժարական տվեց, նույնն էլ Դուք արեք»,- ասաց Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ այսօր ունենք ազգային պառակտում, կապ չկա եկեղեցու հետ, իսկ պատճառն անվստահությունն է: Կաթողիկոսի անձի հետ կապված խոսակցությունները վերագրվում են եկեղեցուն, ինչն, ըստ մեր զրուցակցի՝ սխալ է: