Ապրիլի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց արցախյան երկրորդ պատերազմում տարբեր աստիճանների վիրավորումներ ստացած զինվորականների, որոնք առաջիկա օրերին կմեկնեն Ավստրիա` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստանալու անհրաժեշտ հետագա բժշկական օգնությունը և վերջույթների պրոթեզավորումը: Ծրագրի առաջին փուլում բուժում կստանան վեց զինվորականներ։
Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, բ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Չարչյանը Նորին Սրբությանը ներկայացրեց բուժման մեկնող զինվորականներին՝ տեղեկացնելով, որ Հայաստանի տարբեր բուժհաստատություններում արվել է առավելագույնը հայրենյաց պաշտպանների կյանքը փրկելու համար։ Պարոն Չարչյանը հաստատեց նաև, որ վիրավորումներ ստացած հայորդիները կարիք ունեն լրացուցիչ բուժման, որպեսզի նրանց ապաքինումը լինի առավել արդյունավետ ու ամբողջական։ Այս առիթով պարոն Չարչյանն իր երախտագիտությունը հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակությանը հայ համայնքի ջանքերով և միջեկեղեցական կառույցների օժանդակությամբ հայորդիների հետագա բուժումը Վիեննայի լավագույն բուժհիմնարկներում կազմակերպելու գործում։