Կաթողիկոսն ընդունել է «Որդիների կանչ» ՀԿ անդամներին

  • 28/02/2024

hraparak.am

Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց զոհված հայորդիների ծնողներին ու հարազատներին միավորող «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու մաղթանքները բերեց հայորդիներին Սուրբ Էջմիածին այցի առիթով։ Հայոց Հովվապետը կարևորեց կազմակերպության կողմից ներդրվող ջանքերը՝ հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայած հայորդիների ընտանիքների համախմբման և նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Հայոց Հայրապետը հաստատեց, որ զոհված սիրելիների ծանր կորստի ցավը կարելի է սփոփել կարեկից և օգնական լինելով միմյանց, նաև կյանքի կոչելով նրանց նվիրական երազները։ Նորին Սրբությունը հավաստեց, որ Հայոց Եկեղեցու հոգևոր սպասավորները պիտի շարունակեն առանձնակի հովվական խնամք և ուշադրություն ցուցաբերել նման ընտանիքներին՝ զորացնելու նրանց սրտերում հավատն ու լավատեսությունը ապագայի նկատմամբ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր իր գնահատանքը հայտնեց կազմակերպության անդամներին ազգային արժեքների ամրապնդման, հայրենասիրական ոգով սերունդների դաստիարակության հարցերում դրսևորած նախանձախնդրության համար։

Ամբողջական տեքստ