Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի լուսավոր ընթացքն անշեղորեն իրագործվելու է․ Վեհափառ

  • 07/07/2023

news.am

Հուլիսի 3-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը մեծ խանդավառության մեջ էր․ աշխարհում գործող ամենահին հայկական կրթօջախ էր այցելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ճեմարանի նորեկ աշակերտներն աղ ու հացով դիմավորեցին Վեհափառ Հայրապետին, որից հետո, ի պատիվ Նորին Սրբության, ճեմարանի թմբկահարների խումբը հանդես եկավ թմբուկների անզուգական կատարումներով։

Ճեմարանի հանդիսությանց սրահում տոնական միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին Հայաստանի և Հնդկաստանի պետական օրհներգերն ու ճեմարանի հիմնը։

Միջոցառմանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ճեմարանի կառավարիչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը, Վեհափառ Հայրապետի գավազանակիր Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանը, ճեմարանի փոխկառավարիչներ Տ․ Արծրուն քահանա Միքայելյանն ու Տ․ Հայկ քահանա Քոչարյանը, այս օրերին ճեմարանում իրենց ծառայությունը բերող բարեշնորհ սարկավագները՝ տիկնանց հետ, Կալկաթայի սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու վարչության անդամներ տիկին Սյուզան Ռուբենը, տիար Սյունիլ Սոբտին՝ տիկնոջ հետ, ճեմարանի տնօրեն տիկին Դեբանջալի Չոուդհուրին, ուսուցիչներն ու աշակերտները։

Բացման խոսքով հանդես եկավ ճեմարանի կառավարիչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը, որը նախ շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան անակնկալ, բայց սպասված այցի և ճեմարանի տեսչությանը, ուսուցչական կազմին և աշակերտությանը մեծ պատվի արժանացնելու համար, ապա դիմեց ներկաներին՝ իրականություն դարձնելու Նորին Սրբության տեսիլքն ու երազանքը, այն է՝ նոր թափով ու եռանդով աշխատել և Մարդասիրական ճեմարանի անունն աշխարհում գործող լավագույն դպրոցների շարքում արձանագրել տալ:

Ամբողջական տեքստ