Վերջերս կայացած «MITT Moscow 2021» զբոսաշրջային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը մեծ ուշադրության է արժանացել։ Տուրօպերատորների կարծիքով՝ Հայաստանում զբոսաշրջային հոսքի ավելացման գլխավոր խոչընդոտը ավիատոմսերի բարձր գինն է:
«MITT Moscow 2021» զբոսաշրջային ցուցահանդեսի ժամանակ 22 հազար մարդ է այցելել Հայաստանի տաղավար: Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Անի Արևշատյանը:
Մոսկվայում մարտի 16-18-ը կայացած ցուցահանդեսում 20 զբոսաշրջային գործակալություններ են ներկայացրել Հայաստանը։
«Հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ցուցահանդեսի այցելուների շրջանում։ Տաղավար է այցելել նաև Ռոստուրիզմի ղեկավար Զարինա Դոգուզովան», – տեղեկացրեց Արևշատյանը։
Նրա խոսքով՝ ցուցահանդեսի հայ մասնակիցները հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել և՛ օտարերկրյա զբոսաշրջային ընկերությունների, և՛ այլ երկրների պաշտոնական ներկայացուցիչների հետ: Քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում ՝ ավիահաղորդակցության վերականգնման թեման։