Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը

  • 06/01/2024

hraparak.am

Մեր ժողովուրդը 21-րդ դարում վերստին կրեց կորուստներ, ենթարկվեց նոր փորձությունների, որոնք, ցավոք, անկարող եղանք հաղթահարելու աշխարհաքաղաքական բարդ իրադարձությունների, ինչպես նաև առաքելապատվեր բարության, արդարության ու ճշմարտության ճանապարհից խոտորվելու պատճառով։ Այս մասին սուրբծննդյան հայրապետական իր պատգամում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։

«Հիմա լույս էք ի Տեր. ընթացեք ինչպես լուսո որդիներ.

քանզի լուսո պտուղներն են բարությունը,

արդարությունը և ճշմարտությունը» (Եփ. 5.8-9):

Սիրելի հավատավոր ժողովուրդ,

Այսօր՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, ազգս հայոց, թեև վշտակիր և հոգեխռով, սակայն հավատքով աներեր, կամքով անկոտրում և հույսով առլեցուն, խոնարհվում է մանկացյալ Փրկչի առջև, որ բեթղեհեմյան այրից որպես լույս ու փրկություն ճառագեց ողջ աշխարհին։ Գեղեցիկ օրհներգությամբ է հոգեպարար շարականը մեզ փոխանցում Սուրբ Ծննդյան հիասքանչ իրողությունը. «Աստվածածին, լույսի խորան, արդարության Արեգակի արևելք եղար և խավարի մեջ նստածներիս լույս ծագեցրիր»։ Փրկչի Ծնունդը հրավեր է խավարից դեպի լույս, դեպի Աստված ընթանալու և միշտ Տիրոջ հետ լինելով՝ արժանի դառնալու երկնատուր բարիքների ու հավիտենության։ Մարդեղացյալ Աստվածորդուն մերժելը, սակայն, արհավիրքներ է բերում, չարիք ու ավեր սփռում։ Սուրբ Ծնունդը այսօր քրիստոնյա ողջ աշխարհը տոնում է աղոթքով ու հայցով, որ մարդկության կյանքը լցվի Քրիստոսով նորոգությամբ, և ազգեր ու պետություններ կարողանան գտնել խաղաղության ու համերաշխ համակեցության ուղիները տագնապներով ու հակամարտություններով լեցուն ներկա աշխարհում։

Ամբողջական տեքստ