Մեծ Պահքի ժամանակ մենք մեզ դիտում ենք մեր խղճի հայելու առաջ․ Գարեգին Ա

  • 12/02/2024
  • Նարեկ Հարությունյան

hraparak.am

Փետրվարի 12-ից Հայ Առաքելական եկեղեցում մեկնարկում է Մեծ Պահքի քառասնօրյա շրջանը։ Ներկայացնում ենք Գարեգին Ա կաթողիկոսի պատգամներից մի հատված.

• Մեծ Պահքի քառասնօրյա շրջանը միայն որոշ տեսակի կերակուրներից հրաժարվելու շրջան չէ, այլ ներքին հոգեկան վերափոխության, ինքնարդարացումի, ինքնասրբագրման, ինքնաբյուրեղացման մի սքանչելի առիթ: Բոլոր շարականները, աղոթքները մեր Եկեղեցում մարդուն ուղղում են դեպի իր ներքին աշխարհը: Մենք առհասարակ մեր սովորական կյանքում բացվում ենք դեպի ուրիշը, դեպի արտաքին աշխարհը: Քիչ անգամ առիթ ենք ունենում մենք մեզ հետ զրույցի նստելու:

• Մեծ Պահքի շրջանը այն շրջանն է, որ մենք մեզ դիտում ենք մեր ներքին աշխարհի հայելու մեջ, մեր խղճի հայելու մեջ, որ Աստծու ներկայության զգացումն է մեր մեջ: Ո՞ւր եմ ես, ո՞վ եմ ես իմ խղճի հայելու մեջ…

• Մեծ Պահքը միայն որոշ տեսակի կերակուրներից հրաժարվելու հարց չէ: Մեծ Պահքը ուտել–չուտելու հետ կապված հարց չէ: Եկեղեցին մեր ուտելիքով չէ, որ կզբաղվի: Եթե որոշ կանոններ են սահմանվել, և ճիշտ են արել մեր հայրերը, դրանք նրա համար են եղել, որ մենք խուսափենք այնպիսի կերակուրներից, այնպիսի խրախճանքներից, այնպիսի հաճոյապաշտական բարքերից և սովորություններից, որոնք մեզ մոլորեցնում են: Այդ հրաժարումը առիթ է տալիս մեզ, որ մենք նայենք մեր հոգեկա՛ն աշխարհին:

Ամբողջական տեքստ