Իշխանությունն ուզում է հասարակությանը դարձնել անընդհատ սպառող, եւ այդպիսի հասարակությունում սկզբունք ունեցող ինստիտուտները, ինչպիսին եկեղեցին է, սպառնալիք է, որն ամեն կերպ պետք է չեզոքացնել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, քննարկման ժամանակ ասաց Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
«Ով դաս կտա եկեղեցուն, ես պատրաստ եմ սովորել, բայց մեր պատգամավորներին խորհուրդ կտամ երբեմն հայելի գործածել, օգտակար է կյանքում։ Այս ամենը գաղփարազուրկ եւ նպատակազերծ կառավարիչների ցցուն արտահայտությունն է՝ երբ պետական, հոգեւոր շահը ստորադասվում է մնացյալ արժեքներից։ Ես չգիտեմ՝ իրենք ինչ են դավանում, իրենց հարցրել եմ՝ ասել են՝ ուզում ենք լավ երկիր ունենալ, չգիտեմ՝ դա որն է, թմրամոլի համար մեկ բան է, գիտնականի համար՝ այլ, զինվորականի համար՝ մեկ այլ եւ այդպես շարունակ։ Այսինքն՝ ուզում են քաոս, որովհետեւ հստակ բան չեն ասում։ Պետություն-եկեղեցի սիմֆոնիան հզորացնելու փոխարեն իրենք փորձում են դիվիդենդներ շահել առաջնորդի մոտ, ասել՝ տեսաք՝ ինչ լավ խոսեցի»,- ասաց եպիսկոպոս Գալստանյանը։
Եպիսկոպոս Գալստանյանի կարծիքով՝ մեր այսօրվա խնդիրները բուն իմաստով հոգևոր են: Այսօրվա թե՛ մտքի, թե՛ գործողությունների, թե՛ խոսքի ճգնաժամը հոգևոր բնույթի են: Պատերազմի աղետալի ելքից հետո ավելի խորացավ հասարակական դեգրատացումը: Առաջին պատճառներից մեկը վախի զգացումն է, վախ՝ կորցնելու, կորուստներ ունենալու. և ոչ թե խոստովանում ենք, որ վախենում ենք, կարծես՝ դա տկարություն նկատվի, այլ փորձում ենք թաքցնել այս կամ այն պատճառների թիկունքում, դրանք պայմանավորում ենք տարբեր երևույթներով, բայց ոչ մեր անձնական վախով: Վախը՝ բազմահազար զոհերը, թշնամու ահասարսուռ կերպարը, մեր գտնվելիք վայրը, վերացման վտանգը, պետականության կորուստը և այսպես կարող եմ շարունակել: