azatutyun.am (20.02.2018)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայ Առաքելական եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) անդամներին, ովքեր փետրվարի 20-23-ին մասնակցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվող ԳՀԽ նիստին:
Բարձրաստիճան հոգևորական և աշխարհական 24 անդամներից կազմված խորհրդի նախագահը Ամենայն Հայոց կաթողիկոսն է, ատենապետերը` Երուսաղեմի և Կ. Պոլսի Հայոց պատրիարքները:
Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի որոշումների կարևոր նշանակությունը ոչ միայն եկեղեցական և հոգևոր, այլև հասարակական կյանքում, ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում: