Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը ծրագրում է նոր եկեղեցի կառուցել Հորդանան գետի ափին, որը հնարավորություն կընձեռի Սուրբ Երկիր եկող հայ ուխտավորներին արարողությունների մասնակցել այդ սրբավայրում, ինչպես նաև մկրտություններ կատարել այնտեղ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ հավելելով, որ տարածքը վերջերս է մաքրվել ականներից և բոլոր քրիստոնյա համայնքներին հողատարածքներ են հատկացվել այնտեղ եկեղեցիներ կառուցելու համար: Այժմ ակտիվ աշխատանք է տարվում այդ կարևոր սրբավայրում եկեղեցի կառուցելու համար բարերար գտնելու ուղղությամբ: Վարդապետի խոսքով՝ եկեղեցու կառուցումը կակտիվացնի Երուսաղեմում հայկական համայնքի հոգևոր-մշակութային կյանքը:
Վերջերս բացվել է նաև «Հելէն եւ Էտուարտ Մարտիկեան» թանգարանը, որ փակ էր գրեթե 10 տարի: Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին, սակայն այցելուների համար այն բաց է նոյեմբերի 15-ից: Թանգարանում ներկայացված է Սուրբ Երկրում հայերի ներկայության ամբողջ շրջանը՝ տարբեր տիրապետությունների՝ հռոմեական, բյուզանդական, արաբական, խաչակիրների, մամլուքների, օսմանյան, բրիտանական, հորդանանյան և իսրայելյան ժամանակաշրջաններում: