Պարտադրված խաղաղությունը, առանց արդարության, բարիքի փոխարեն ցավ ու տառապանք է ծնում. Ամենայն Հայոց կաթողիկոս

  • 10/09/2021

iravunk.com

Ն.Ս.Օ.Տ.Տ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ «ԿՐՈՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Բարձրաշնորհ Հոգևոր Հայրեր,
Մեծահարգ տիկնայք և պարոնայք,

Ուրախ ենք ողջունելու ձեզ հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բերելու Հայրապետական Մեր օրհնությունը «Կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով այս համաժողովի անցկացման առթիվ: Գնահատելի են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գործող Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի և հանձնախմբի ջանքերը՝ այստեղ մեկտեղելու ազատության ու խաղաղության վեհ գաղափարների համար իրենց ծառայությունն աշխարհում բերող նվիրյալների, որոնց համատեղ ջանքերի համագումարը մեծապես կնպաստի այդ գաղափարների վերարժևորմանն ու ամրապնդմանը։
Ազատության և խաղաղության գաղափարները մարդկության պատմության տարեկիցներն են և այսօր էլ շարունակում են մնալ արդիական, մանավանդ երբ աշխարհի տարբեր մասերում բռնությունների, հակամարտությունների, պատերազմների առկայությունը հաճախ փորձ է արվում հիմնավորել ազատության կամ խաղաղության հաստատման կեղծ օրակարգերով։ Քրիստոնեական մտածողության համաձայն՝ ազատությունը դրսևորվում է Բարձրյալի կամքի հետ մարդկային կամքի ներդաշնակությամբ: Այս համոզումով է Պողոս առաքյալը հայտարարում. «Ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է» (Բ Կորնթ. 3.17)։ Հիրավի, առանց ազատության և խաղաղության գաղափարների վերաբերյալ կրոնական վսեմ ըմբռնումի հնարավոր չէ հասնել մարդկային ազատությունների ու իրավունքների ճշգրիտ ընկալմանն ու իրացմանը։

Ամբողջական տեքստ