aravot.am (27.01.2018)
«Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակում այժմ պատրաստվում է Ադրբեջանական ԽՍՀՄ-ում 1988թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթի հայերի ջարդերին նվիրված հերթական փաստագրական ֆիլմը, որը կրում է «Սումգայիթի երեխաները» պայմանական խորագիրը:
Այս մասին այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում «Ազգայնամոլության և այլատյացության դեմքը՝ 30 տարի առաջ և այժմ» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը:
«Դատական գործերի ժամանակ հնչել են վկայություններ, որ ադրբեջանցի ջարդարարների շարքերում եղել են դեռահասներ եւ երեխաներ: Փաստերը վկայում են, որ հենց դեռահասների վրա է եղել ջարդարարության հիմնական դերը: Գուցե պատճառն այն է, որ դեռահասները կխուսափեին պատասխանատվությունից, բայց մենք կարծում ենք, որ այդ կերպ մատաղ սերնդի շրջանում հայատյացություն են «դաստիարակել»,-համոզմունք հայտնեց Մարինա Գրիգորյանը: