Այն որ, ընտրություններ կոչվող ֆարսից հետո, տարբեր երկրների ղեկավարներ շնորհավորելու են Արցախը հանձնող, պարտության պատասխանատուին, պարզից էլ պարզ էր։ Այո, նրանք բոլորը , մեղմ ասած, մեծ արհամարհանք ունեն , թե Հայաստանի, թե նրա անարժանապատիվ ղեկավարի նկատմամբ, բայց աշխարհաքաղաքական տարբեր շահերը պահանջում են, ճանաչել հայ ժողովրդի «ընտրությունը» և հնարավորինս օգտվել իրավիճակից։ Սակայն , ինձ զարմացրեց Մեծի Տան Կիլիկիո, Նորին Սուրբ Օծություն Արամ Ա կաթողիկոսի հղած շնորհավորանք-դիֆերամբն ուղղված վարչապետին։Այսպիսի գովասանքներ և հիացական խոսքեր ոչ մի շնորհավորականում չէր եղել։ Կաթողիկոսի ուղերձը բավականին երկարաշունչ է։Մեջբերենք միայն ուղերձի նախաբանը, մնացյալ մասն արդեն քնարերգություն է․ «Վսեմաշո՛ւք Պրն. Վարչապետ, Քրիստոնէական սիրով ու Հայրապետական օրհնութեամբ կ’ողջունենք Ձեզ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն: Կը շնորհաւորենք Ազգային Ժողովին ընտրութիւնը, ինչպէս նաեւ Ձեր նշանակումը, որպէս Վարչապետ Հայաստանի Հանրապետութեան ու նոր կառավարութեան կազմութիւնը: Արդարեւ, հայ ժողովուրդի ու Հայաստանի պատմութեան վճռադրոշմ մէկ հանգըրուանին, դուք վերստին կը կոչուիք վարչապետի ծանր ու պատասխանատու պաշտօնին»: