Փոխանակ իրենք ջանքեր թափեն, որ այդ ցլերը դառնան եզ, բտում են ցլերին

  • 27/02/2024
  • Կորյուն Սիմոնյան

hraparak.am

Փետրվարի 20-24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի նիստ, որի ավարտին հայտարարություն են տարածել` անդրադառնալով նաեւ Սահմանադրության հնարավոր փոփոխություններին. Գերագույն հոգեւոր խորհուրդը «խիստ տարակուսելի է համարում նոր սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը հատկապես, երբ հանրային ստվար շրջանակներում այն ընկալվում է նաեւ որպես հետեւանք արտաքին հարկադրանքի»։

Նիկոլ Փաշինյանն այս առումով՝ Հանրային ռադիոյին տված իր հարցազրույցում ասել է, որ եթե չհանենք «կարմիր շորը», այսինքն՝ չհրաժարվենք Անկախության հռչակագրով սահմանված ազգային նպատակներից, ապա երկու ցլերը՝ Ադրբեջանն ու Թուրքիան, չեն թողնի, որ մենք ճանապարհ անցնենք, այսինքն՝ պատերազմ կսկսվի։
Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին հարցրինք, թե արդյոք խորհուրդը քննարկե՞լ է Սահմանադրության փոփոխության եւ հնարավոր նոր պատերազմի կապը։ Հարցրինք նաեւ՝ որքանո՞վ է հավանական համարում, որ եթե Հայաստանը չփոխի իր մայր օրենքը, ապա Ադրբեջանի համար լեգիտիմ հնարավորություն կստեղծի՝ հարձակվելու Հայաստանի վրա՝ նկատի ունենալով, որ հենց սա է իշխանության արդարացումը։ ««Կհարձակվի»-ն չի նշանակում, որ լեգիտիմ հնարավորություն կունենա հարձակվելու, ոչ մի լեգիտիմ հիմք չունի հարձակվելու։ Չէ, սա մեր ընդհանուր քաղաքականության մասն է կազմում` վախեցնել հանրությանը պատերազմի ուրվականով եւ բոլոր հնարավոր- անհնարին զիջումներն անել։ Հիմա սա է այս մարդկանց քաղաքականությունը, ի՞նչ ասես։ Փոխանակ իրենք ջանքեր թափեն, որ այդ ցլերը դառնան եզ, ավելի բտում են այդ ցլերին»,- պատասխանեց սրբազանը։

Ամբողջական տեքստ