Քաղաքացիները հավաքվել են Սուրբ Գայանե եկեղեցու բակում՝ աջակցելու Հայ առաքելական եկեղեցուն

  • 27/12/2020

news.am

Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Սուրբ Գայանե եկեղեցու բակում, ովքեր եկել են իրենց աջակցությունը հայտնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, որոնց դեմ բռնության կոչեր են հնչեցրել իշխանությանը սատարողները։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ քաղաքացիների մի խումբ էլ հավաքվել է Էջմիածնի Մայր Տաճարի մոտ, որտեղից քայլերթով միանում են Սուրբ Գայանեի բակում հավաքվածներին։

Ավելի վաղ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն էր տարածել. «Սիրելի՛ հայրենակիցներ, սգակիր քույրեր ու եղբայրներ,

Այս կիրակի՝ դեկտեմբերի 27-ին, հայոց բոլոր եկեղեցիներում կմատուցվի տարվա վերջին Ս. Պատարագը:

Մասնակցենք սրբազան արարողությանը եւ զորանանք Ս. Հաղորդության խորհրդով: Եվս մեկ անգամ մեր ակնածանքն ու զորակցությունը հայտնենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, աղոթենք Հայոց աշխարհի անսասանության համար, մեր հերոս նահատակների հոգու խաղաղության համար, միասնականության եւ համերաշխության աղոթքով վերանորոգենք մեր հավատն ու համախմբվենք Հայաստանի առաջիկա հաղթանակների շուրջ»։