Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին` ուղեկցությամբ ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի:
Ողջունելով ՀԲԸՄ նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով անդրադարձավ ՀԲԸՄ բազմաբնույթ ծրագրերին Հայաստանում և Սփյուռքի համայնքներում, ինչպես նաև Մայր Աթոռի հետ արդյունաշատ գործակցությանը:
ՀԲԸՄ նախագահը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ՀԲԸՄ կողմից աշխարհի տարբեր երկրներում հայապահպանությանը և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրերը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց համահայկական մի շարք խնդիրների, ներառյալ Հայաստանում և Սփյուռքում Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին: Մասնավորապես խոսվեց Սփյուռքի համայնքների կյանքում հայոց լեզվի գործածության հետ կապված մարտահրավերների և հայ ինքնության պահպանման վրա դրանց ազդեցության մասին։ Կարևորվեց Եկեղեցու դերակատարությունը հատկապես երիտասարդ սերնդի՝ համայնքային կյանքում գործուն ներգրավման հարցում: Այս կապակցությամբ հատկապես ընդգծվեց ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ գործածությունը Հայաստանում և Սփյուռքի թեմերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելության իրականացման գործում: