Այն ինչ տեղի է ունենում, կարող է դառնալ մեր պատմության բեկումնային կետը, բայց կարող է նպաստել նաեւ մեր պետության ամբողջական վերականգնմանն ու հզորացմանը։ Այս մասին մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Բագրատ Գալստյանը։
Նա անընդունելի անվանեց հայկական հողերի, այդ թվում՝ Հայաստանի տարածքում գտնվող հողերի զիջումը։ Նրա խոսքով, Հայաստանի ներկայիս իշխանությունները ցեղասպանություն են իրականացնելու բառիս բոլոր իմաստներով. «Մեզ ներշնչել են անելանելիության գաղափարը եւ այդ թույնը աստիճանաբար թափանցում է ամենուր, բայց մենք պետք է պայքարենք մեր արժանապատվությունը վերականգնելու համար։ Վտանգված է գոյության իրավունքը, մեր ինքնությունը, մեր արժեքները, մենք կանգնած ենք ապրել-չապրելու երկընտրանքի առաջ»,- ընդգծեց Գալստյանը։