Մայր Աթոռի խոսնակ Տեր Եսայի քահանա Արթենյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ առաքելական եկեղեցու դիրքորոշումն անփոփոխ է, եւ եկեղեցու համար անընդունելի է Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ եկեղեցու դարավոր պատկերագրական եւ պաշտամունքային ավանդույթին։ «Եկեղեցու դիրքորոշումն անփոփոխ է: Մայր Աթոռը բազմիցս հայտարարել է, ինչպես նաեւ այս թեմային անդրադարձել է Հոգեւոր գերագույն խորհուրդը՝ սույն թվականի մարտին: Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ եկեղեցու դարավոր պատկերագրական եւ պաշտամունքային ավանդույթին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին՝ կառավարության նիստում, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «Մուլտի գրուպ» ընկերությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ. համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն: Կառավարության նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ: Փաշինյանը նաեւ հույս էր հայտնել, որ արձանի տեղադրումը կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Մենք թեմային բազմիցս անդրադարձել ենք, Տեր Եսայի քահանայի այս մեկնաբանությունն էլ ասելիքի տեղ է թողնում։