Արցախի հոգեւոր ժառանգությունը ոչ թե զուտ պատմական, այլ ապրող ու կենդանի իրողություն է. Հայր Գարեգին

  • 13/09/2021

iravunk.com

Միջազգային կրոնական ազատություն եւ խաղաղություն. հենց այս շեշտադրմամբ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ երկօրյա միջազգային համաժողով: «Իրավունքի» հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի ղեկավար Հոգեշնորհ Տ. ԳԱՐԵԳԻՆ վարդապետ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆՆ ասաց, որ շուրջ 15-20 եկեղեցի ներկայացված են եղել համաժողովին:

– Ուրախալի է, որ ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից ուղղված հրավերի, համաժողովին իրենց մասնակցությունը բերեցին միջեկեղեցական կառույցների ղեկավարներ եւ քույր եկեղեցիների, հեղինակավոր գիտական, բարեսիրական կառույցների ներկայացուցիչներ, առաջատար մասնագետներ: Համաժողովին մասնակցում էր Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը՝ գլխավոր քարտուղար Հայր Իոան Սաուկանի, Եվրոպական եկեղեցիների համաժողովը՝ նախագահ Հայր Քրիստիան Քրիգերի, ԱՄՆ-ի Եկեղեցիների ազգային խորհուրդը՝ գլխավոր քարտուղար եւ նախագահ Ջիմ Ուինքլերի գլխավորությամբ: Կարելի է ասել, որ միջեկեղեցական կարեւորագույն կառույցների ղեկավարները եւ քույր եկեղեցիների պատրիարքները, հայրապետները, բարձրաստիճան ներկայացուցիչները Մայր Աթոռում էին՝ կիսելու հայի ցավը եւ կիսվելու մեզ հետ իրենց երկրներում առկա խնդիրներով, որոնք առնչվում են մարդկային, կրոնական ազատություններին եւ հուշարձանների պահպանության հարցերին:

-Հայր Սուրբ, ո՞րն էր այն գլխավոր մեսիջը, որն այս համաժողովով փորձեցինք հղել միջազգային հանրությանը՝ նաեւ Վեհափառ Հայրապետի ուղերձով:

– Այն, որ հայ եկեղեցին եւ հայ ազգը, չնայած բազմաթիվ զրկանքների ու տանջանքների է առերեսվում, այսօր միեւնույն ժամանակ մեծապես կարեւորում է նաեւ այլ ազգերի կրած դժվարությունները, ողբերգությունները: Եվ այս առումով ուրախալի է, որ մեր համաժողովի ժամանակ հնչեցին ոչ միայն Արցախի հուշարձանների պահպանության հետ կապված հարցեր եւ խնդիրներ, այլ նաեւ բազմաթիվ այլ երկրներում տեղի ունեցող անարդարություններ, կրոնական հալածանքներ եւ այլն: Այս առումով Վեհափառ Հայրապետն իր խոսքում անդրադարձավ Իրաքի, Աֆղանստանի եւ այլ մահմեդական երկրներում տեղի ունեցած խնդիրներին:

Ամբողջական տեքստ