Օրերս Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Արցախպրես»-ին տեղեկացրել էր, որ իր նախաձեռնությամբ Արցախում սկիզբ է դրվել մի ձեռնարկի, որը պետք է նոր մակարդակի բարձրացնի եկեղեցի-պետություն համագործակցությունը: Ըստ այդ նախաձեռնության՝ բոլոր պետական վարչական եւ ուժային կառույցներին կկցվեն հոգեւորականներ, ովքեր պետք է պարբերաբար այցելեն իրենց կցված պետական կառույցներ եւ հոգեւոր խնամք տանեն դրանց աշխատակիցների նկատմամբ:
Այս նախաձեռնությունը տարբեր արձագանքների արժանացավ, եւ նույնիսկ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները պնդում էին, որ սա դուրս է ամեն տեսակ երեւակայությունից, որ Արցախը ոչ թե կրոնական համայնք է, այլ պետություն, որ պետությունն ու եկեղեցին պետք է իրարից անջատ լինեն, որ չի կարելի կառուցել կղերապետություն, որ եկեղեցին չպետք է ամեն տեղ իր ներկայությունը պարտադրի: Իսկ եթե այս նախաձեռնությունը գալիս է ոչ թե եկեղեցուց, այլ՝ իշխանությունի՞ց, միայն թե ներկայացվում է որպես եկեղեցու նախաձեռնություն, որպեսզի հասարակության արձագանքն ավելի մեղմ լինի: Մի՞թե պարզ չէ, որ առանց իշխանության հավանության եւ թույլտվության այս նախաձեռնությունը չէր կարող կյանքի կոչվել: