Հատիս լեռան վրա Հիսուսի արձանը կառուցելու մտադրության մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից 7 ամիս է անցել, սակայն գաղափարի իրագործումը գործնական փուլ այդպես էլ չի մտել։
«Հետք»-ը տեղեկություններ է ստացել, որ Ծառուկյանն արձանի կառուցման ծրագիրն անորոշ ժամանակով դադարեցրել է։ Պարզաբանում ստանալու նպատակով գրավոր հարցմամբ դիմեցինք «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանին։ Նախ հետաքրքրվեցինք, թե ինչու է դադարեցվել արձանի կառուցման ծրագիրը, ապա՝ արդյոք արձանի կառուցման այլ վայր է քննարկվում։ Անահիտ Ծառուկյանը մեր հարցերն անպատասխան թողեց։
Հատիսի գագաթին արձանի կառուցման ծրագրի դադարեցման մասին տեղեկությունը փորձեցինք ստուգել նաև պետական և համայնքային մարմիններից։
Ակունք խոշորացված համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը հայտնեց, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը Հատիս լեռան վրա միայն ջրագիծ կառուցելու նախագծման թույլտվության համար է դիմել, որը ստացել է 2022 թ.-ի հուլիսին։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի խոսքով՝ նախարարությունում և նախարարության ենթակա կառույցներում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Հատիս լեռան վրա կառուցապատում իրականացնելու վերաբերյալ դիմում չի ներկայացրել, հետեւաբար նախարարությունը եզրակացություն, համաձայնեցում կամ թույլատրող փաստաթուղթ չի տրամադրել։