Ես ծանոթացել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված նյութին` հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմության» առարկայի և դրա դասավանդման առնչությամբ: Չգիտեմ, թե որքանով են փոխնախարար Անափիոսյանին վերագրվող խոսքերը հավաստի: Եթե խոսքերն աղճատված չեն, ապա դատապարտելի է որդեգրած այս մոտեցումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղյակ չէ ԿԳՄՍ նախարարության նման մտադրություններին ու ծրագրերին, այս մտադրությունը որևէ հարթակում չի քննարկվել Մայր Աթոռի հետ: Սա նաև օրենքի պահանջ է: ՀՀ կառավարության և Մայր Աթոռի համատեղ հանձնախմբի շրջանակներում տեղի է ունեցել կրթական խնդիրներով ենթահանձնախմբի մեկ հանդիպում, որի ընթացքում նույն փոխնախարարի կողմից հավաստիացվել է, որ նման խնդիր դրված չէ: