Հայ Առաքելական Եկեղեցին հերքում է, որ իրեն պատկանող գանձերն են լոնդոնյան աճուրդում վաճառքի հանվել։ Նշենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ հրապարակվեց եկեղեցական գանձերի ցուցակ, որոնք վաճառվում են լոնդոնյան աճուրդներում, այդ գանձերի ցանկում են հնագույն ձեռագրեր, տարբեր հնության թանկարժեք իրեր, ինչպես նաև Հովհաննես Այվազովսկու, Մարտիորս Սարյանի, Արշիլ Գորկու կտավներ և այլն։
«Հրապարակը» գրավոր հարցմամբ Մայր Աթոռից փորձեց պարզաբանում ստանալ, թե ինչպե՞ս են այդ գանձերը հայտնվել լոնդոնյան աճուրդում, եկեղեցի՞ն է դրանք վաճառում, այդ գանձերը Հայ Առաքելական եկեղեցո՞ւն են պատկանում։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հետևյալ կերպ պատասխանեց այս հարցերին․
«Անհիմն ու անհեթեթ են շրջանառվող ասեկոսեները, թե իբր Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող գանձերը Մայր Աթոռի կողմից վաճառքի են հանվում աճուրդներում։
Դարեր շարունակ Հայոց Եկեղեցու ծոցում է ստեղծվել ազգային հոգևոր ժառանգությունը՝ որպես խաչքար, որմնանկար, սրբապատկեր, ձեռագիր մատյան, մասունքարան, ծիսական սպասքներ և հանդերձանք: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ամենայն զգուշությամբ և սրբությամբ, շատ հաճախ նաև արյան գնով է պահել ու պահպանել այդ սրբազան ժառանգությունը՝ հասցնելով մինչև մեր օրեր: