Եթե իմ կարծիքն եք հարցնում Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հայոց նախագահների՝ Էջմիածնում ձեւավորած հարթակի մասին, ապա ասեմ, որ շատ բարձր կարծիքի եմ եւ շատ մեծ սպասելիքներ ունեմ այդ պատկառելի մարդկանցից: Մի բանի համար եմ միայն ափսոսում, որ այդ հարթակը չկայացավ 2020 թ․ նոյեմբերին: Վստահ եմ, այն ժամանակ կկարողանային հրաժարական պարտադրել կապիտուլյանտին: Նկատեմ նաեւ, որ նրանք՝ թե՛ կաթողիկոսը, թե՛ նախկին եւ թե՛ գործող նախագահներն առանձին-առանձին պահանջում էին կապիտուլյանտի հրաժարականը, բայց միասնության այդպես էլ չհասան: Չհասա՞ն, թե՞ գլխի չընկան, որ պետք է միասնաբար պահանջեին այդ հրաժարականը, դա էլ արդեն բոլորովին այլ հարց է:
Ինչո՞ւ եմ մեծ հույսեր կապում Էջմիածնում քննարկում սկսած հարթակի հետ: Նախ՝ վայրն Աստծուն շատ մոտ է, եւ նախագահները գտնվում են կաթողիկոսի անմիջական հսկողության ներքո, ինչը մեծապես նպաստում է անկեղծության մթնոլորտի նախնական կուտակմանը: Մնում է՝ դուռ-լուսամուտ փակ պահեն, որ այդ մթնոլորտը չցնդի ու հնարավորինս երկար պահպանվի: Զեղում չհամարեք, խնդրում եմ, բայց հարթակը շատ նման է հեքիաթային այն իրավիճակներին, երբ հայրը հավաքում է որդիներին ու քննում նրանց՝ իմանալու համար, թե նրանցից ով ինչ է շնչում, ինչ ակնկալիքներ ունի եւ այլն: Որ ճիշտն ասեմ՝ ես Հայոց նախագահներին նույնիսկ մի փոքր նախանձում եմ: Մի՞թե նրանց համար մեծ պատիվ չէ, երբ մի ողջ ժողովուրդ, իր ազգակործան պատուհասին թողած, ակնդետ հետեւում է Էջմիածնի անցուդարձին: