Ընդդիմությանը չեք հանդուրժում, եկեղեցուն չեք հանդուրժում

  • 10/11/2022
  • Սերոբ Մարության

hraparak.am

Հ1-ով Պետրոս Ղազարյանի «Հարցազրույցի» հերթական թողարկման հյուրն էր Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Զրույցը բավական հետաքրքիր էր, նման էր «մենամարտի», սպորտային լեզվով ասած՝ դիտարժան խաղ էր։ Ինչ խոսք, սպասելի էր, որ ընդդիմության հանրահավաքից, այդ հանրահավաքին առաքելական եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի մասնակցությունից ու ելույթից, ինչպես նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի վերջին ժողովի ամփոփիչ հայտարարությունից հետո իշխանությունը, ի դեմս Հանրայինի, կփորձի «փչացնել» եկեղեցուն, պատին դեմ տալ եւ մենամարտի հրավիրել ու խարազանել։

Ի դեպ, «Արմենիա»-ով «Ժամը» հաղորդման հարցերին պատասխանում էր առաքելական եկեղեցու մեկ այլ բարձրաստիճան ներկայացուցիչ՝ Սուրբ Աթոռում Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Եվ Պետրոս Ղազարյանը փորձում էր նեղը գցել սրբազանին` խաչաձեւ հարցեր հնչեցնելով ցույց տալ, որ եկեղեցին ընդդիմադիր դիրք է բռնել, ավելի ճիշտ` անցել է ընդդիմության կողմը եւ խփում է իշխանություններին: Պետրոս Ղազարյանի բերանով իշխանությունների, անձամբ Նիկոլ Փաշինյանի դժգոհություններն էին հնչում, որոնք կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ․ ինչո՞ւ է առաքելական եկեղեցին կողմնապահություն անում, «թելում ընդդիմության թելը», մասնակցում ընդդիմության միջոցառումներին, բայց մերժում իշխանությունների միջոցառումները, ինչո՞ւ իշխանամետ դիրքորոշում չի որդեգրում։ Հարցազրույց վարողը հասկացնում էր, որ առաքելական եկեղեցին բոլորի եկեղեցին է՝ ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության, ե՛ւ քաղաքականապես չեզոքների, մի խոսքով՝ բոլորի, ով իրեն համարում է հայ ու թեկուզ կյանքում մեկ անգամ որեւէ եկեղեցու դուռ է բացել։ Բացի այդ, իշխանությունները թերեւս դիսկոմֆորտ ունեն (իսկ գուցե նաեւ նախանձի հանգամանքն էլ կա), որ առաքելական եկեղեցին ունի ռուսամետ կեցվածք։ Ինչու շեշտեցինք նախանձի բացադրիչը, որովհետեւ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատվավոր շքանշան էր շնորհել, իսկ դա իր մեջ ասելիք պարունակող «մեսիջ» էր։

Ամբողջական տեքստ