hraparak.am
Եկեղեցի գնում են առաջին հերթին աղոթելու, ապաշխարելու համար։ Գնում ես քո Հոր Տուն ու ըստ, այդմ, պատշաճ պիտի ներկայանաս։ Եկեղեցին ունի իր կանոնները, որոնք պետք է հարգել, իսկ այդ կանոններից մեկն է՝ եկեղեցի մտնել պատշաճ և վայելուչ հագուստով։ Այնպիսի հագուստով, որ չգրավես մարդկանց ուշադրությունը։ Տարիներ առաջ եկեղեցիներից մեկում էի, երբ քահանան հանդարտ մոտեցավ և ոտքը ոտքին գցած մի աղջկա խնդրեց վայելուչ նստել Տիրոջ առաջ։ Առաջին շարքում էր «փռված»։ Աղոթող մարդիկ աչքի պոչով նրա՝ մինչև պորտը բաց ոտքերին էին նայում ու շեղվել էին աղոթքից․․․ Նման կերպ ներկայանալը անթույլատրելի է։ Այդ մասին ասվում է նաև Քրիստոս (Մատթեոս 18:7)- ում․ «Վա՜յ աշխարհին, քանի որ գայթակղություններն անպակաս են այնտեղ: Գայթակղություններ անպայման պիտի պատահեն, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով ուրիշները գայթակղության մեջ կընկնեն»։
Երբ Աննա Հակոբյանը 2019 թվականին Ժնևում բաց հագուստով էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպել, որը մարդիկ դիտարկեցին որպես անհարգալից վերաբերմունք Եկեղեցու նկատմամբ, այդ ժամանակ իշխանական մամուլը այսպիսի պատճառաբանություն էր անում, մեջբերումը ուղիղ է․ « Քննադատությունները տեղին ու արդարացված կլինեին, եթե իսկապես տիկինը վեհափառի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ նման հագուստ կրած լիներ, սակայն վարչապետի տիկինն ու վեհափառն այդ օրը մասնակցել են Ժնևում շվեյցարական կարմիր խաչի ամենամյա բարեգործական երեկոյին և լուսանկարն էլ արվել է հենց այդ երեկույթի ժամանակ։ Այդ երեկույթին մասնակցության վերաբերյալ, մինչ լուսանկարի հրապարակումն էլ, նախապես տեղեկացրել էին թե՛ վարչապետի տիկնոջ, թե՛ Մայր աթոռի մամուլի ծառայությունները։ Անշուշտ, նմանատիպ բարձրաշխարհիկ երեկոները պահանջում են նաև հատուկ «դրեսս կոդ»՝ երեկոյան զգեստ»։