Հուլիսի 6-ին լարված իրավիճակ է ստեղծվել Մայր Աթոռում: Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող հայտնի անձինք ներխուժել են Մայր Աթոռի Դիվանատուն: Նրանք պահանջում են Կաթողիկոսի հրաժարականը: Միջադեպի ընթացքում տեղի է ունեցել ուշագրավ բացահայտում: Բողոքողները ասել են, թե վաճառվել է Մայր Աթոռում պահվող եզակի մասունքը՝ Սուրբ Գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է Փրկչի կողը:
Ըստ տեղեկության, աշխարհում կա Գեղարդի 5 օրինակ, որոնցից օրիգինալը միայն Մայր Աթոռում պահվող Սուրբ Գեղարդն է:
Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ Սրբազանը հայտնել է, որ Սուրբ Գեղարդը չի վաճառվել, այլ մի մասը կտրվել է եւ նվիրվել ռուս քաղաքապետի:
Թե ինչ քաղաքապետի մասին է խոսքը, որ քաղաքապետի, եւ թե ինչու է Մայր Աթոռը, անկասկած ոչ առանց Կաթողիկոսի իմացության, ռուս քաղաքապետին նվիրել այդ թանկարժեք, փաստացի բացառիկ մասունքի թեկուզ մի կտորը, պարզ չէ:
Բայց, փաստորեն, Դիվանատան շուրջ ստեղծված իրավիճակում բացահայտվում է ըստ էության մի խայտառակություն, որն անկախ այն հանգամանից, թե մասունքը չի վաճառվել, այլ մի կտորը նվիրվել է, ամենեւին չի դադարում լինել այդպիսին: