Հուլիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։
Ժողովին անդրադարձ է կատարվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ վերջին շաբաթներին իրականացվող հակականոնական գործողություններին, այդ թվում և Դիվանատան շենք ներխուժելու և Մայր Աթոռի աշխատանքը խոչընդոտելու փաստերին։
Քննարկելով ստեղծված կացությունը՝ ԳՀԽ անդամներն անընդունելի և դատապարտելի են համարել հայտնի նախաձեռնության որդեգրած քայլերը, որոնք խաթարում են ներեկեղեցական անդորրն ու գայթակղություն դառնում հավատացյալների համար։
Տեղեկացվել է, որ խնդրի առնչությամբ իրենց անհանգստության և դատապարտության խոսքն են հնչեցրել բազում հավատացյալներ ինչպես Հայաստանից, այնպես և Սփյուռքից, եպիսկոպոսաց դասը և բազմաթիվ եկեղեցականներ։
Պատասխանատվության ենթարկելու խիստ միջոցների ձեռնարկման վերաբերյալ հուլիսի 6-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները։
Իսկ Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի՝ հուլիսի 6-ի նիստում միաձայն որոշում է կայացվել առաջարկելու Նորին Սրբությանը կարգալույծ հռչակելու Կորյուն աբեղա Առաքելյանին։
Այսուհանդերձ, ելնելով Եկեղեցու կողմից սերը և ներողամտությունը իսպառ արտահայտելու առաքելությունից, Գերագույն հոգևոր խորհուրդը, անսալով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորին, որոշել է մեկշաբաթյա վերջնաժամկետ սահմանել, որպեսզի անդրադարձումի ևս մեկ առիթ ընծայվի նախաձեռնության անդամներին՝ դադարեցնելու հակականոնական իրենց գործողությունները և զղջման ու ապաշխարության ճանապարհով վերադառնալու Սուրբ Էջմիածնի խնամակալ հովանու ներքո։ Կորյուն աբեղայի համար որոշվել է վանքերից մեկում անդրադարձումից հետո սահմանել ապաշխարության շրջան։