ԿԳ նախարարը կհանդիպի «Արարատյան բակալավրիատով» աշխատել պատրաստվող դպրոցների տնօրենների հետ

  • 12/06/2018
  • Աննա Զախարյան

armtimes.com

«Այբ» հիմնադրամի եւ կրթության եւ գիտության նախարարի միջեւ սկիզբ առած հակասություններն առայժմ հանգուցալուծում չեն գտնում:

Նախարար Արայիկ Հարությունյանն այդ պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրերին բարձրաձայնել էր իր վերապահումները՝ կապված հիմնադրամի «Արարատյան բակալավրիատ» ծրագրի հետ՝ դա որակելով որպես կրթությունը էլիտարիզացնելու փորձ:

Հետո հիմնադրամում աուդիտ անցկացվեց. այդ կառույցը նաեւ պետական ֆինանսավորում է ստանում, ընդ որում՝ հարյուրավոր միլիոնների հասնող դրամի չափ: Ստուգումների արդյունքները պատրաստ են: Նախարարության լրատվական ծառայությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ Արայիկ Հարությունյանը նախորդ օրը տված մեկնաբանություններին ավելացնելու բան առայժմ չունի: Իսկ Ազգային ժողովում նա հայտարարել էր, որ ստուգումների փաթեթը թեպետ իր սեղանին է, այն ուսումնասիրել չի հասցրել՝ առկա բազմաթիվ հրատապ խնդիրով պայմանավորված:

Կրթության եւ գիտության նախարարությունից նաեւ պարզեցինք, որ դեռեւս հստակ որոշում չկա՝ սեպտեմբերին բացվելո՞ւ են Արարատյան բակալավրիատի դպրոցները, ինչպես նախատեսվել էր: Նոր ուսումնական տարվանից պետք է գործեին, ընդհանուր առմամբ 14 այդպիսի դպրոցներ՝ մարզերում: Եւս 10-ը, դարձյալ մարզերում, ծրագրվում էր բացել հաջորդ տարի: Այնուհետեւ ծրագրում ընդգրկվելու էին երեւանյան հանրակրթական հաստատությունները: ԿԳՆ-ից վերոնշյալ հարցի առնչությամբ պատասխանեցին, որ Արայիկ Հարությունյանը մտադիր է հանդիպել Արարատյան բակալավրիատ ծրագրով աշխատել պատրաստվող 14 դպրոցների տնօրենների հետ, ինչից հետո միայն վերջական եզրակացություն կլինի դրանց գործելու նպատակահարմարության մասին:

Ամբողջական տեքստ