ԿԳՄՍ նախարարը նշել է, որ դեռևս փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կան, սակայն հույս է հայտնել, որ գործընթացը օրենսդրության համաձայն կընթանա։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը մեկնաբանել է Հայաստանում Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման վերաբերյալ հարցը։ Լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է, որ այս պահին դեռ նախագիծ չկա։
Նշենք, որ արձանի տեղադրման վերաբերյալ գրությունը ԿԳՄՍ նախարարությունը ստացել է 2022 թվականի փետրվարի 28-ին` «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից։
«Խոսելով արձանի տեղադրման մասին ոչ որպես ԿԳՄՍ նախարար, այլ որպես քաղաքացի` ոչ մի հիմք չունեմ ասելու, որ այն խիստ պահանջված է, ոչ էլ հիմքեր ունեմ արձանի տեղադրումը անթույլատրելի համարելու: Ցանկացած քաղաքաշինական հարց պետք է լուծվի կարգին կամ օրենսդրությանը համապատասխան»,– ասել է Դումանյանը: