Ես չէի պատկերացնում, որ 2020թ․-ին նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթը կունենանք, ես այ դա՛ երբեք չէի կարող պատկերացնել, այլապես մնացածը ուղղակիորեն դրա հետեւանքն է>>,- այսպես պատասխանեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, հարցին, թե երբեւէ կպատկերացնե՞ր որ Արցախ հասնելու համար պետք է մնանք թշնամու բարեհաճության հույսին։
Ապա անդրադառնալով Արցախում առկա իրավիճակին Սրբազան հայրը փաստում է․
-Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ, այսօրվա ղեկավարը իր ողջ քաղաքական թիմով։ Անիմաստ ճամարտակություններով պատասխանատվությունը սրա-նրա վրա թող չգցեն, ո՛չ ռուսների, ո՛չ ամերիկացիների, ոչ էլ մեկ ուրիշի։Ինքն է ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ինքն էլ կրում է կատարվածի ողջ պատասխանատվությունը։ Ո՛չ Արցախի հանրապետության նախագահը կամ որեւէ պաշտոնյա է ստորագրել, ո՛չ էլ ռուս խաղաղապահ զորամակազմի ղեկավարը, ոչ էլ չգիտեմ ով։ Փաստաթուղթը ստորագրված է ՀՀ վարչապետի ձեռքով, հետեւաբար ինքն էլ երաշխավորն ու պատասխանատուն է այս ողջ իրադարձությունների, եւ դրանից բխող հետեւանքների համար։
Այսօր, երբ այս իշխանական թեւի ներկայացուցիչները, հազար ու մի անունով ու դեմքով, անդիմագիծ, անինքնություն խոսում են, թե ռուս խաղաղապահների պատասխանատվության շրջագծում է գտնվում խնդիը, ուղղակիորեն ստում են։ Որովհետեւ կրկնում եմ իրենց ղեկավարն է ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ինչը նշանակում է, որ իրենք էլ երաշխավորն են Արցախի հանրապետության բնակչության խաղաղ, կամ գոնե հիմա անվտանգ կյանքի։ Պատասխանատվությունը ուրիշների վրա նետելն ամենամեծ հանցագործությունն է։