Մարտի 22-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և Ռուս Ուղղափառ Եկեղեցու աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, տեղի ունեցավ «Ավանդական արժեքներ, արդի մարտահրավերներ» խորագրով մեկօրյա երրորդ միջազգային համաժողովը, որը կազմակերպվել էր Աթոս լեռան ռուսական սրբավայրերի աջակցման բարեգործական հիմնադրամի կողմից:
Նախքան համաժողովի գումարումը, համաժողովի մասնակիցները Մատենադարանի ցուցասրահում դիտեցին Հայաստանի Պետական արխիվի կողմից կազմակերպված «Եկեղեցին` ընտանեկան և տոհմական հիշողության պահոց» խորագրով ցուցահանդեսը:
Համաժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո լիագումար նիստի վարող «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը կոնֆերանսի անցկացմանն աջակցություն բերելու համար մասնակիցների անունից երախտագիտություն հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մոսկավայի ու Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքին: