Ինչի՞ համար են նահատակվել մեր սիրելի զավակները․ ի՞նչ արժեքի համար, ո՞ւմ կյանքի բարելավման համար, ո՞ւմ սոցիալ-տնտեսական վիճակի զարգացման համար, ո՞ւմ ճանապարհները բացելու համար, ո՞ր ապրանքների գները էժանանալու կամ թանկանալու համար, ո՞ր առևտուրը զորացնելու համար, ո՞ր շուկան ավելի լավը դարձնելու համար․ սրա համար չեն նահատակվել իրենք։ Այս մասին ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը Տավուշ գյուղում խաչքարի օծման արարողությանը։
Նա նաեւ նշել է. «Իրենք գնացել են գիտակցված, ամբողջական նվիրումով, իմ և ձեզ համար, և մեր վեհագույն արժեքի՝ մեր Հայրենիքի, մեր պետության, մեր արժանապատվության, մեր գոյության, և, ընդհանրապես, մեր կյանքի իմաստի համար։
Սրա համար են նահատակվել, որը մենք մոռանում ենք կամ մոռացնում են։ Սրա հետ առնչվելը սարսափելի է․ ինչպես կարող եմ ես ապրել, երբ գիտեմ, որ ինձ համար իմ սիրելի եղբայրները կյանքի գնով են վճարել։