Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոների առթիվ մատուցված պատարագին Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Հայ Առաքելական Եկեղեցու աշխարհասփյուռ հավատացյալ հայությանը։
«Սիրելի բարեպաշտ հավատացյալներ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս,
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի հրաշազարդ այս օրը, համախմբված մեր եկեղեցիներում, օրհնաբանում ենք նորածին Փրկչին՝ միմյանց փոխանցելով փրկավետ ողջույնը. «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս»։
Ավելի քան երկու հազար տարի Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսը հնչում է աշխարհում, արձագանքում մարդկանց հոգիներում որպես անզուգական հրավեր՝ Քրիստոսով նորոգվելու, խաղաղություն հաստատելու, սերն առատացնելու։ «Նորոգվեցեք ձեր մտքով և հոգով ու հագեք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու»,- պատգամում է առաքյալը՝ ներշնչված Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսով։ Արդարև, Աստվածորդին աշխարհ եկավ՝ մեղանչական մարդուն ցույց տալու փրկության ճանապարհը, որը բացվում է Քրիստոսով նորոգվածների համար: Այս ուղիով են ընթանում Փրկչին հավատացող ու փորձությունների առջև չընկրկող հոգիները և մեղքի ու չարյաց դեմ աներկբա մարտնչողները: