Մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով, որին մասնակցեցին նաև Մայր Աթոռի վանաբնակ եպիսկոպոսները։ Ժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես և անդրադարձ եղավ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի առնչությամբ օրերս կատարված հայտարարություններին։
Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ.
«Հայաստանի ու Արցախի ազատ ու անկախ կյանքի տեսլականը վերջին երեք ու կես տասնամյակների ընթացքում իրականություն է դարձել աշխարհասփյուռ մեր ժողովրդի հերոսական պայքարի, զոհողությունների ու հանձնառությունների շնորհիվ։ Հայրենյաց պաշտպան մեր նահատակ զավակների սխրանքն ու լուսավառ օրինակը ամուր են պահել մեր ժողովրդի ոգին՝ դիմակայելու ամեն նեղության, շարունակելու հայրենի հողի վրա իր պատմական ներկայությունը։
Արցախյան 44-օրյա պատերազմի ողբերգական հետևանքները մեր հայրենիքը կանգնեցրեցին անվտանգային նոր մարտահրավերների, գոյաբանական սպառնալիքի առջև, սակայն նույնիսկ այդ բարդ իրավիճակում չնվազեց մեր ժողովրդի և ազգային հաստատությունների նախանձախնդրությունը՝ շարունակելու պաշտպանել Հայաստանի ու Արցախի արդար իրավունքները։